Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Թող առաջնությունն ավարտվի, հետո կխոսենք

Թող առաջնությունն ավարտվի, հետո կխոսենք
22.12.2017 | 13:25

Մոսկվայի «Լոկոմոտիվի» ազգությամբ բրազիլացի հարձակվող Արին հայտնել է, որ շուտով ռուսական անձնագիր կունենա` Ռուսաստանի Դաշնության հավաքականի կազմում մրցելույթների մասնակցության հնարավորություն ստանալով:
Հասկանալի է, որ ֆուտբոլիստի երազանքների գագաթնակետը Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնությունն է, եթե, իհարկե, այն այստեղ կայանա: Ինչ խոսք, որ առայժմ ամեն ինչ դրան էլ գնում է, սակայն քիչ չեն ուժերը, որոնք փորձում են Ռուսաստանի ձեռքից խլել առաջնությունն անցկացնելու իրավունքը:


Նման կարգի մի փորձ, հարկավ, պիտի դիտարկել այն, որ ռուսներին փորձում էին հունից հանել Պխենչխանի օլիմպիական խաղերի մասնակցությունից զրկելով կամ նրա մասնակցությունն ապահովելու համար անընդունելի պայմաններ ստեղծելով: Ի վերջո, անցավ վերջինը (առաջինը շատ ավելի ծավալային քայլերի տեղիք կտար ու կարող էր սպառնալ անհայտ բաներով, ինչը խոշորագույն հարված կարող էր լինել առհասարակ սպորտին, սակայն, ի դեմս վերջին տարբերակի, ռուսները հնազանդորեն խաչը համբուրեցին՝ դրանով իսկ ակնհայտորեն ձիու քայլ անելով):
Սա խորապես կշռադատված քայլ էր, որի հետին նպատակն աշխարհի առաջնությունը փրկելն էր: Թե դրա անցկացումից հետո ռուսներն ի՞նչ քայլեր կձեռնարկեն, ու որքանով դրանք կլինեն արմատական, թերևս այնքան էլ դժվար չէ գուշակել, մանավանդ որ այս երկիրը քաղաքական արենայում նորից դարձել է հզոր կռվան ու հզորության գնով ստիպում է հաշվի նստել իր հետ: Ճիշտ է՝ առայժմ ռազմաքաղաքական հարցերում, սակայն, մնացածների հերթն էլ ակնհայտորեն կգա: Ընթերցողը պիտի որ հիշի, թե ԱՄՆ-ի գլխավորությամբ մի շարք պետությունների կողմից մոսկովյան օլիմպիադայի բոյկոտմանը սոցլագերի երկրների կողմից ինչպես հաջորդեցի լոսանջելեսյան օլիմպիական խաղերի բոյկոտումն ու դրա այլընտրանքի կազմակերպումը:


Ճիշտ է, կարող եք առարկել, որ սոցլագերի երկրներն արդեն չկան, ու ճիշտ կլինեք;
Սակայն դա չի նշանակում, որ եթե Ռուսաստանը կամենա, չի կարողանա այլընտրաքային օլիմպիական խաղեր կազմակերպել: Իհարկե, Աստված ոչ անի, որ բանը հասնի նման առճակատումների, սակայն նախապես պարտության են դատապարտված բոլոր նրանք, ովքեր իրենց զինանոցում չունեն պահեստային պլաններ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2298

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ